«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, սերժին ճանաչողներին

Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, սերժին ճանաչողներին
23.08.2024 | 11:48

Սիրելի՛ Ռոզա,
լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական ընկեր, այնուհետև գործընկեր, ինձ համար շատ սիրելի պետական-հասարակական գործիչ, մտավորական, դասախոս ու հրապարակախոս, իմ լավ բարեկամ Սերժ Սրապիոնյանի հետ։

Նա վիրահատությունից հետո լավատեսորեն և խորը հավատով էր խոսում, պնդում, որ դաժան հիվանդությունը տեղի է տալիս, որ իրեն լավ է զգում, որ ինքը կհաղթահարի, բայց, ավա՜ղ․․․
Ի՞նչ բառերով ցավակցեմ և ի՞նչ ասեմ՝ լեզուս պապանձվել է, միտքս՝ մթագնել, հոգիս հուզախռով է։ Անհավատալի և ծանր իրավիճակի մեջ ենք հայտնվել՝ հատկապես Սփյուռքի նախարարության աշխատակիցներս։
Ինչպե՞ս Սերժի մասին գրենք կամ խոսենք անցյալ ժամանակով։
Խորապես վշտակցում եմ մեզ բոլորիս, քանզի նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն Սրապիոնյան ընտանիքի, հարազատների, մերձավորների, գործընկերների, այլև բոլոր նրանց համար, ում թանկ է Սերժ Սրապիոնյան բազմավաստակ մտավորականը։ Նա հայրենասեր անհատ էր, սիրված դասախոս, ազգային արժեքներ կրող և տարածող գրականագետ, հմուտ մանկավարժ, ով ուսանողների բազում սերունդներ է կրթել ու դաստիարակել, զինել Հայ գրականության, մայրենի լեզվի մասին խոր գիտելիքներով, Հայրենիքն ու ժողովրդին ամեն ինչից վեր դասելու, Հայոց եկեղեցուն անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով։
Բոլորս էլ լսում և տեսնում էինք , թե որքա՜ն ցավ ու անսփոփ վիշտ էր կուտակված նրա հոգում, ինչպիսի՜ տառապանք էր ապրում, երբ խոսում էր մեր Հայրենիքի համար նահատակված երիտասարդների, նրանց ընտանիքների, որբացած երեխաների, գերեվարվածների, ծանր իրավիճակում հայտնված հայրենի եզերքի մասին:
Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի։ Նրա կազմակերպչական ունակությունները, առաջնորդի հատկանիշներն ի հայտ եկան դեռևս ուսանողական տարիներից, երբ առաջնորդում էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆալուլտետի ուսանողությանը։ Սերժ Սրապիոնյանի հետ հինգ տարի շարունակ մշակեցինք ու նախաձեռնեցինք բազում ծրագրեր՝ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը զարգացնելու համար։ Նա իր ողջ էությամբ, անձնուրաց նվիրումով աշխատեց, չխնայեց ժամանակն ու ջանքերը արևմտահայերենի պահպանության և զարգացման, Սփյուռքը Հայրենիքին առավել մոտեցնելու, Հայաստանի, Արցախի և հատկապես Սփյուռքի հայրենանվեր, ազգօգուտ մշակութային ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Նա իր խորը և բազմակողմանի գիտելիքներով, հրապարակային տպավորիչ և ուսանելի ելույթներով, հռետորական անուրանալի արվեստով ոգևորում, ուժ էր տալիս իր հայրենակիցներին, զորաշարժի էր ենթարկում մարդկանց, նպաստում Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։
Որպես գրող, հրապարակախոս՝ նրա գործերը ազգային և հայրենասիրական պաթոսով լեցուն էին։
Հզոր մտավորականն ամեն օր Բարձրյալից խնդրում էր, որ խաղաղություն պարգևի մեր Հայրենիքին և կրկնում էր չարենցյան բանաձևումը՝
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Սակայն, դաժան մահն անժամանակ ընդհատեց ընկերասեր ու մարդասեր, հայրենասեր ու ազգասեր իմ թանկագին ընկերոջ կյանքի երկրային պատմությունը:
Նա ի Տեր ննջեց և այսուհետ որպես պահապան հրեշտակ ապավեն կլինի իր ընտանիքին, հայրենակիցներին։
Հայտնում եմ նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցների անսահման հարգանքն ու խոնարհումը Սերժ Սրապիրոնյանի պայծառ հիշատակին։
Թանկագի՛ն, սիրելի՛ հարազատներ, Ռոզա, Գոհար, Շավարշ, սիրելի, սիրելի որդի,
սգում եմ ձեզ հետ միասին, կիսում ձեր վիշտը։
Թող լույս իջնի Սերժ Սրապոնյանի՝ հայրենասեր հայորդու շիրիմին։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և
վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Անկեղծ ցավակցությամբ և խոնարհումով ՝
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 7646

Մեկնաբանություններ